Monday, April 1, 2013

«Բանավեճը» կայացավ







      Մեր նդպրոցի «Բանավեճ ակումբի» աշակերտները դատավորների կողմից արժանացան գովեստի և խրախուսանքի խոսքերի: Հաջորդ փուլերի հանդիպումները եղան N 184, N 30 դպրոցների հետ, որտեղ արժանավայել խաղեր խաղացին դպրոցի սաները և Երևանում մրցած դպրոցների մեջ հավաքեցին առավելագույն միավորը՝ 148 :
Եզրափակիչ փուլը, տեղի ունեցավ մարտի 26-ին 105 դպրոցի հետ, որի արդյունքում էլ պարզ դարձավ,որ մեր դպրոցի «Բանավեճի ակումբի» թիմը Երևանի ուժեղագույն թիմն է:
Շատ եմ կարևորում այն, որ երեխաները լրջորեն մոտեցան «Բանավեճի ակումբի» աշխատանքներին և ձեռք բերեցին գիտելիքների հսկայական պաշար քննարկվող հարցերի շուրջ: Իսկ բանավեճի թեմաները արդիական են, խիստ կարևոր և ուսուցողական:

«Բանավեճ ակումբի» ղեկավար Լ. Ավետիսյան

  
         2012-2013 ուստարվա սկզբում «Երիտասարդական նվաճումներ» կրթական հասարակակական կազմակերպությունը առաջարկեց մեր դպրոցին ընդգկվել «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում: Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից իրականացվող այս ծրագրի հիմնական նպատակն է աշակերտներին սովորեցնել վերլուծական և քննադատական մտածողություն, տրամադրել հիմնարար գիտելիքներ ճիշտ և հմուտ բանավեճի համար:

Ծրագրում ընդգկրվելուց հետո դպրոցում ստեղծվեց «Բանավեճի ակումբ»: Անցկացվեցին մի շարք գործնական բանավեճեր: Թեմաներն էին՝
«Աշակերտը պետք է մասնակցի դպրոցում ընդունվող բոլոր որոշումներին», «Դպրոցում ստացած գիտելիքները բավարար չեն բուհ ընդունվելու համար», «Հաշմանդամ երեխաների իրավունքները պաշտպանված են Հայաստանում»,
«Անհրաժեշտ է պահպանել Ամանորը տոնելու հայկական սովորույթները»,
«Բջջային հեռախոսների կիրառումը պետք է արգելվի դպրոցներում» :

Ջինիշյան կազմակերպության կողմից դպրոցում եղավ դիտարկում, ընտրվեց դպրոցական թիմ՝ բաղկացած հինգ հոգուց, որը 2013 թվականի հունվարին մասնակցեց ընկերական հանդիպման: Բանավեճի թեման էր «ՓՄՁ-երը քաջալերվում են Հայաստանի Հանրապետությունում»:


               Ես մասնակցել եմ մեր դպրոցում բացված բանավեճի ակումբում կազմակերպված  բոլոր հանդիպումներին: Սկզբում մենք մեր դպրոցում էինք խաղում,այնուհետև մեր առաջին հանդիպումը եղավ N 159 դպրոցի հետ:Այն ընկերական էր և մենք քննարկեցինք «Փոքր  և Միջին ձեռնարկատիրությունները» քաջալերվում են ՀՀ-ում: Ունեցանք շատ լավ արդյունքներ: Մրցեցինք N 184 դպրոցի հետ,թեման՝ « Վերջին տարիների ընթացքում բնապահպանական շարժումների գործունեությունը արդյունավետ էր ՀՀ-ում»:  



Ստացանք 76 միավոր:Վերջին հանդիպումը N 30 դպրոցի հետ էր, թեման «Մադրիդյան սկզբունքները չեն հակասում ՀՀ շահերին»: Ստացանք 72 միավոր:
Բանավեճի ակումբը մեծ նշանակություն ունեցավ ինձ համար, քանի որ այստեղ ես ծանոթացա մեր դպրոցի տարբեր դասարանների աշակերտների հետ,ծանոթացա բազմաթիվ խնդիրների հետ,որոնք այժմ արդի են ՀՀ-ում:
Ամենակարևոր և ամենանշանակալից հանդիպումը տեղի ունեցավ մարտի 26-ին : Թեման  էր՝ «Մադրիդյան սկզբունքները չեն հակասում ՀՀ շահերին»:Մի օր առաջ տեղեկացանք,որ հանդես ենք գալու դեմ դիրքորոշմամբ:Պարապմունքներն անցնում էին բավականին լարված,բայց մեր ուսուցչուհի ընկեր Ավետիսյանի շնորհիվ մենք հաղթահարեցինք բոլոր դժվարությունները:
Եզրափակիչ փուլին մենք հասկացանք մեր հակառակորդի պատրաստված և կազմակերպված լինելը,բայց մենք կարողացանք ճիշտ գնահատել նաև մեր գիտելիքները, մեր պատրաստվածությունը և հասնել լավ արդյունքի:
Մենք արժանացանք այս ծրագրի մասնագետների և դատավորների գովասանքի խոսքերին: Ծրագրի ղեկավարները շատ կարևորեցին նաև այն հանգամանքը,որ լինելով սկսնակ բանավիճողներ՝ ճանաչվեցինք տարվա լավագույն թիմը:

Ալավերդյան Դիանա 10-4 դասարան


Շատ ուրախ եմ,որ հնարավորություն ստացա դառնալ «Բանավեճի ակումբի» անդամ,քանի որ յուրաքանչյուր օրն անցնում էր շատ հետաքրքիր, լի օգտակար գիտելիքներ ձեռք բերելու հնարավորությամբ:Գնալով մեծանում է այս աշխատանքները շարունակելու ցանկությունը:Բնականաբար,անչափ հաճելի էր հաղթանակած վերադառնալ մրցույթից, տեսնել նախապատրաստական աշխատանքների արդյունքը:Այս մրցույթների շնորհիվ ես դարձա առավել վստահ իմ խոսքում: Մեծ ուրախությամբ ու հպարտությամբ կշարունակեի աշխատել: Ես շնորհակալ եմ ու երախտապարտ այն բոլոր ուսուցիչներին, ովքեր եղել են մեր կողքին, օգնել ցանկացած հարցում: Հատկապես, շնորհակալ եմ մեր շատ սիրելի ընկեր Ավետիսյանին,առանց նրա մենք հաստատ չէինք հասնի նման հաճելի ու ոգևորիչ արդյունքի: Հաջորդ բանավեճը՝եզրափակիչ փուլը, տեղի ունեցավ մարտի 26-ին :  




Թեման էր՝ «Մադրիդյան սկզբունքները չեն հակասում ՀՀ շահերին»: Այս անգամ, ինչպես մնացած բոլոր բանավեճերում մենք ունեինք դեմ դիրքորոշում: Մրցում էինք երկրորդ հորիզոնականը զբաղեցրած 105 ավագ դպրոցի դեմ: Իսկապես, մրցակիցը ուժեղ էր, բանավեճը ընթացավ բուռն, ամեն ինչ շատ արագ անցավ, դատավորները նշեցին, որ գրեթե չկային թերություններ, ինչը հոյակապ է: Հատկապես,առանձնացրեցին մեր կատարած հակափաստարկները, առաջ քաշած խնդիրները, որով ապացուցում էինք մեր դիրքորոշման հստակությունը: 77-76 հաշվով մեր թիմը հաղթեց: 198 ավագ դպրոցը ճանաչվեց Երևանի ավագ դպրոցների ցուցակում լավագույն թիմ: Մեր թիմը շատ մեծ ուրախությամբ վերադարձավ տուն,հատկապես, գովեստի արժանացավ այն փաստը,որ մեր դպրոցն առաջին տարին է ինչ մասնակցում է «Բանավեճի ակումբ»-ի մրցույթներին ու հասնում նման հրաշալի արդյունքի:
Ես հպարտ եմ և շատ ուրախ,որ կարողացա ինչ-որ կերպ մասնակցություն ցուցաբերել այս մրցույթում և կատարել լավ քայլ, հասնել հաղթանակի, բարձր պահել իմ դպրոցի պատիվը: Միշտ պատրաստ եմ նման հոյակապ մթնոլորտում աշխատել,քանի որ, ինչ խոսք, եթե լինեին ուրիշ երեխաներ,այլ ղեկավար,գուցե մեզ մոտ ամեն ինչ այսքան լավ չընթանար:Ես ցանկանում եմ իմ երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտնել մեր թիմի բոլոր անդամներին, ինցհպես նաև հատուկ շնորհակալություն հայտնել ընկեր Ավետիսյանին,քանի որ վստահ եմ,որ առանց նրա ամեն ինչ այսքան բարեհաջող չէր ընթանա:

Մարտիրոսյան Ջուլիետա 10-4 դասարան


Մեծ տպավորություն և բավականություն ստացա այս մրցաշարից:
Չնայած առաջին խաղերում մեր տարած հաղթանակից հետո ունեցած ոգևորությանը, մենք չկորցրինք զգոնությունը և շարունակեցինք քրտնաջան աշխատել,որը մեզ հասցրեց ցանկալի արդյունքի՝պատվավոր առաջին հորիզոնականի: Հաղթանակը մեզ տրվեց դժվարությամբ,բայց հենց դրանում է կայանում հաղթանակի քաղցրությունը: Մենք արժանացանք դատավորների ու կազմակերպիչների գովասանքին,ինչից ոգևորված ենք:Մենք կարողացանք ապաուցել,որ արժանի էինք ստանձնելու առաջատարի դիրքը և դառնալու Երևանում լավագույն թիմը:
Այս ամենը խոսում է մեր  դպրոցի ուսուցչական կազմի բարձր մակարդակի և կրթության բարձր որակի մասին:
Շեգունց Տիգրան 11-5 դասարան




Բանավեճերի մասնակցությունը ինձ համար նորություն էր, բայց միևնույն ժամանակ շատ հետաքրքիր և օգտակար փորձ:Բանավեճի թեման էր՝«Մադրիդյան սկզբունքները չեն հակասում ՀՀ շահերին»:Առաջին հերթին ինձ հետաքրքրեց բանավեճի թեման,քանի որ իմ կարծիքով յուրաքանչյուր քաղաքացի պետք է իրազեկ լինի իր երկրի համար այսքան կարևոր խնդրի մասին: Շատ ողջունելի է, որ բանավեճի կազմակերպիչները ցանկանում են դպրոցականների մոտ  զարգացնել տրամաբանությունը,վերլուծական մտածողությունը և հռետորական կարողությունները:
Երբ իմացանք,որ բանավեճի ընթացքում ունենալու ենք դեմ դիրքորոշում,անչափ ուրախացանք,քանի որ ինքներս էլ դեմ էինք «Մադրիդյան սկզբունքներին»: Բանավեճի նախապատրաստական փուլը ընթանում էր շատ լարված ու ինտենսիվ: 


Պարապմունքների ընթացքում մեզ փոխանցվեց ընկեր Ավետիսյանի հավասարակշռվածությունը ու դրական տրամադրվածությունը:
Բանավեճից մեկ օր առաջ հանիպեցինք Անժելա Էլիբեգովայի հետ,ով նույնպես եղել է մեր դպրոցի սանը:Այս հանդիպումը մեզ օգնեց ավելի լավ ընկալել խնդրի էությունը և հասկանալ մեր դիրքորոշման ուժող և թույլ կողմերը:
Բանավեճի ընթացքում հակառակորդ թիմի կառուցողական ելույթւժը ստիպեց մեզ անհանգստանալ,բայց մենք կարողացանք հավաքվել և հակահարված հասցնել նրանց և արդյունքում կորզել հաղթանակ:
Առանց ավելորդ համեստության կարող եմ ասել,որ սա հպարտության արժանի արդյունք է,քանի որ մեր դպրոցն առաջին անգամ է մանակցում այս նախագծին:

Հարությունյան Լուսինե 11-5 դասարան

Երբ դպրոցում ստեղծվեց «Բանավեճի ակումբ»-ը և ես իմացա,որ ընդգրկվել եմ այդ ակումբի մասնակիցների թվին,իսկապես որ շատ ուրախացա: Ակումբում աշխատանքները աշխատանքները սկսել էինք դեռ հոկտեմբեր ամսից: Սկզբում անցկացվեցին մի շարք գործնական բանավեճեր տարբեր թեմաներով: Հետո արդեն ընտրվեց դպրոցական թիմ՝բաղկացած 5 հոգուց և մենք 2013 թվականի հունվարին 159 դպրոցի հետ մասնակցեցինք ընկերական հանդիպման,որի թեման էր՝ «ՓՄՁ-ները քաջալերվում են ՀՀ-ում»:
Այնուհետև մրցեցինք 184 դպրոցի հետ, թեման էր՝ «Վերջին 5 տարիների ընթացքում բնապահպանական շարժումների գործունեությունն արդյունավետ է ՀՀ-ում»: Ստացանք 76 միավոր: Հաջորդ հանդիպումը 30 դպրոցի հետ էր, թեման էր՝ «Մադրիդյան սկզբունքները չեն հակասում ՀՀ շահերին» և ստացանք 72 միավոր:
Ամեն ինչ այնքան արագ կատարվեց,որ մենք նույնիսկ չհասցրեցինք հասկանալ,որ եզրափակիչ փուլում ենք: Զգում էինք,որ մեր վրա դրված է մեծ պատասխանատվություն և մենք չենք կարող հուսախաբ անել ոչ ոքի: Եվ վերջապես մարտի 26-ին տեղի ունեցավ նշանակալից հանդիպումը: Թեման էր՝ « Մադրիդյան սկզբունքները չեն հակասում ՀՀ շահերին»: Մենք հանդես եկանք դեմ դիրքորոշմամբ:Մրցում էինք 105 դպրոցի դեմ: Իրականում բոլորս շատ լարված էինք և հուզված,սակայն մեր ղեկավար ընկեր Ավետիսյանը կարողացավ մեզ հանգստացնել՝ փոխանցելով իր դրական տրամադրվածությունը:
Եզրափակիչ փուլը անցավ շատ արագ և հագեցած: ՄԵնք տեսանք մեր հակառակորդ տիմի պատրաստվածությունը,ինչը մեզ փոքր-ինչ անհանգստացրեց,բայց այնուամենայինիվ մենք մեզ հավաքեցինք և շարունակեցինք մեր խաղը՝փորձելով հակահարված տալ,ինչը կարծում եմ մեզ մոտ ստացվեց: երբ հասավ այն պահը,երբ պետք է հայտարարեին լավագույն թիմի անունը, մենք շատ հուզվեցինք և հանկարծ...

Ամեն դեպքում մեր թիմի համար կարևորը հաղթանակը չէր,այլ գովասանքի խոսքերը,որոնց մենք արժանացանք: Այնուամենայնիվ հաշվի առնելով այն փաստը,որ մենք առաջին տարին է ինչ մասնակցում ենք այս նախագծին և գրանցել ենք նման արդյունքներ, ես վստահ կարող եմ ասել,որ ամեն ինչ դեռ առջևում է:
Գրիգորյան Անի 10-2 դասարան





Մարտի 26-ին ք.Երևանում կայացած միջդպրոցական բանավեճերի եզրափակիչ փուլի արդյունքում 2013թ. ԵՆՀ միջդպրոցական բանավեճերի փուլի լավագույն բանավիճող թիմ ճանաչվեց`    թիվ  198 ավագ դպրոցի բանավիճող թիմը:

1 comment:

  1. Ապրեք, շատ ապրեք: Սրտանց շնորհավորում եմ:

    ReplyDelete

circle.am